ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում 2022թ.–ին մշակույթի ոլորտին կտրամադրվի 1 մլն 589 մլն 13 հազար դրամ, ինչի շնորհիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կլինի լիարժեք զինված ու վերազինված։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
«2021 թվականին համավարակի և պատերազմի ողբերգական դեպքերի պատճառով մի քանի անգամ կրճատվել էր ոլորտային բյուջեն, այդ թվում՝ մշակութային ծրագրերին հատկացվելիք գումարը։ 2022 թվականին հատկացված գումարը հասցվել է մշակույթի ոլորտի՝ 2020 թվականի հատկացումներին»,– նշեց Խզմալյանը:
Նա լավագույն ձեռքբերում համարեց 2021 թվականին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին գույքի ձեռքբերման համար 168.5 մլն դրամի հատկացումը և ընդգծեց, որ հաջորդ տարի էլ պետական բյուջեով գրեթե նույն ծավալի հատկացում կլինի։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտեց, որ 2022 թվականին «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» ծրագրով նախատեսված է շուրջ 767 մլն դրամ, «Ներդրումներ՝ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման համար» ծրագրով էլ` շուրջ 213 մլն դրամ, իսկ հուշարձանների համար՝ 108 մլն դրամ:
«Սա աննախադեպ ցուցանիշ եմ համարում: Բարձրացնում ենք մեր չափանիշները պետական կառույցների ֆինանսական ինքնավարության և ներկայանալիության տեսանկյունից, ուրեմն պետք է աջակցենք, որ այդ արտաբյուջեի գեներացման համար լինեն համապատասխան պայմաններ»,- ընդգծեց Խզմալյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ծրագրերից օգտվելու են այն կառույցները, որոնք լայն միջազգային համագործակցություն են ապահովել, հանդես են եկել հեղինակավոր միջազգային փառատոներում ու թույլ են տալիս ասելու, որ ժամանակակից հայ թատրոն կա: