ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթից հետո ելույթ ունեցավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Նա շեշտեց, որ Մարությանը խոսում է ծանոթ–բարեկամներից, բայց նրա ազգականներից ևս աշխատում են քաղաքապետարանում։
Գալջյանը մի շարք հակադարձումներ արեց քաղաքապետի ելույթին, իսկ վերջում հայտարարեց այն ինչի մասին հաճախ էին լրատվամիջոցները գրում։
«Ես էլ կարող եմ կրկնել, որ կինը (նկատի ունի Մարությանի կինը) հաճախ էր միջամտում քաղաքապետարանի գործերին»,–նշեց նա։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Մարությանի կինը վերածվել է խորհրդականի, և նրան հաճախ կարելի է տեսնել քաղաքապետարանում։ Ըստ լուրերի` Մարությանի կինը նաև նշանակումների և ազատումների հարցում է միջամտում, ինչը դուր չի գալիս ավագանու անդամներին։
Ավելին, ըստ հրապարակումների, ավագանին այդ թեմայով քննարկում է կազմակերպել Մարությանի հետ։ Դրանից հետո Մարությանը պարզաբանել էր, որ կինը ոչ թե աշխատում է քաղաքապետարանում, այլ օգնում է մի շարք հարցերում։ Մարությանը միայն հիշեցրեցրել էր, որ իր կինն ու ընկերները զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրոյի դրամաշնորհ բերվի Հայաստան։
Ընդ որում` վտանգավոր թափոններին առնչվող ծրագիրը հաղթող է ճանաչվել։ Երևանի քաղաքապետը հայտնել էր` միայն իր կինը չէ, որ օգնում է իրենց, այլ մի շարք արվեստագետներ, դիզայներներ, ինժեներներ են օգնում, և դա անում են անվճար։ Դիտարկմանը, թե ավագանու որոշ անդամներին դա դուր չի գալիս, Մարությանը պատասխանել էր` ուրեմն նման մարդիկ խնդիրներ ունեն Երևանի հետ։
Նշենք, որ ավագանին արտահերթ նիստով քննարկում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը։ Ներկա պահին նիստն ընդմիջվել է, քիչ անց կկայանա քվեարկությունը։
Դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։