Հայկ Մարությանին անվստահություն հայտնելը չի բխում Երևանի շահերից. ավագանու անդամ

Հայկ Մարության
Ավագանու անդամը հայտարարեց, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցով քվեարկության արդյունքներն ի սկզբանե կասկածելի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելը չի բխում Երևանի ու ժողովրդավարության շահերից։ Այսօր ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը` հավելելով, որ դա այն առաջին պատճառն է, որի հիմքով ինքը կտրականապես մերժում է սկսված գործընթացը։

«Իսկ երկրորդը այն գործիքակազմն է, այն շանտաժի ու սպառնալիքի լեզուն, որն օգտագործվել է Երևանի ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար»,– ասաց Գևորգյանը։

Ավագանու անդամը հայտարարեց, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցով քվեարկության արդյունքներն ի սկզբանե կասկածելի են, քանի որ երեկ պարզվել է, որ ավագանու անդամներից ստորագրություններ են կորզվել ու ստիպել են նախագծին կողմ քվեարկել շանտաժի ու սպառնալիքների ենթարկելով։
«Իմ քայլը» խմբակցության անդամները չեն մասնակցել նիստերին. Աբգարյանը հիշեց դղյակների հարցը
Գևորգյանը հիշեցրեց, որ «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ–ն այդ մասին հաղորդում էր ներկայացրել ԳԴ` նշելով, որ ավագանու անդամներին ստիպել են կա՛մ վայր դնել մանդատը, կա՛մ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ։

«Ինչպես այս 3 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա իրենք ունակ չեն եղել պարզ քաղաքական հաշվարկներ իրականացնելու։ Նրանք չեն հաշվարկել, որ գուցե հաջողվի որոշ մասին շանտաժի ենթարկել, բայց ոչ բոլորին»,– ասաց Գևորգյանը։

Ըստ նրա` քաղաքապետի դեմ կիրառված նույն շանտաժային գործելաոճի հետևանքն էր նաև որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած տրանսպորտային բունտը, որից տուժեցին հասարակ երևանցիները։
Գևորգյանի դիտարկմամբ`այդ շանտաժային պրոցեսից պարզ է դառնում, թե ինչու է խզվել է քաղաքապետի ու իշխանության «հեղափոխական կապը»։
Նշենք, որ այս պահին Երևանի քաղաքապետարանում ընթանում է Երևանի ավագանու հատուկ նիստը, որի ընթացքում կորոշվի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
«Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին». «Իմ քայլը» խմբակցության անդամ
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ։ Նույն որոշման նախագիծը պետք է ներառի նաև ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ։ Այդ նիստում քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը որոշվում է գաղտնի քվեարկությամբ` ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Քանի որ Երևանի ավագանին 65 անդամ ունի, ապա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար նրանցից առնվազն 33-ը պետք է կողմ քվեարկեն նախագծին։
Նշենք, որ «Իմ քայլն» այս պահին 52 անդամ ունի, որոնց թվում են նաև Հայկ Մարությանն ու նրան աջակցություն հայտնած 2 այլ անդամները։
Այդ դեպքում գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում։