ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմք չի հայտնաբերվել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«2021 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» տարբերակ չի հաստատվել»,- ասված է պատասխանում։
Դեկտեմբերի 21-ի դրությամբ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմք է գրանցվել աշխարհի 106 երկրում։
Գիտնականների կարծիքով՝ «Օմիկրոնով» վարակվելու դեպքում ախտանիշները կարող են ավելի վաղ ի հայտ գալ, քան SARS-CoV-2-ի մյուս տարբերակների դեպքում:
Մասնագետները կարծում են, որ B.1.1.529-ն ի սկզբանե զարգացել է ՁԻԱՀ–ով հիվանդ կամ վարակակիր, թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։
Վարակման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Նիդեռլանդներում, որտեղ վարակը դրսից է բերվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ նիստի ժամանակ B.1.1.529-ը համարել է «մտահոգիչ» ու այն անվանել հունական «Օմիկրոն» տառով։ Դրանով կարող են վարակվել թե՛ Covid-19-ով վարակվածները, թե՛ պատվաստվածները։