ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Կալանավորվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)։
Վարույթն իրականացնող մարմինը նախօրեին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Իսագուլյանն արդեն իսկ մեղադրվում է ՀՀ վարչապետի, նախկին և ներկա մի շարք պաշտոնատար անձանց ու հասարական գործիչների (1-ին դրվագ), ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս նախագահի (2-րդ դրվագ), Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի (3-րդ դրվագ) վերաբերյալ սուտ մատնություն կատարելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (մեկ դրվագ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: