ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ և ռիսկեր։ Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը` պատասխանելով ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովի հարցին` արդյոք քաղաքապետարանում կա՞ համակարգային կոռուպցիա, թե ոչ։
«Այս դեպքում «համակարգային» ձևակերպումը տալը խիստ անհրաժեշտություն չէ, բայց հաստատում եմ, որ քաղաքապետարանում կան կոռուպցիոն ռիսկեր։ Մենք հաճախ նկատել ենք դա և փորձել ենք բարձրաձայնել»,– նշեց Գալջյանը։
Ավանեսովն էլ արձագանքեց` քաղաքապետի իմքայլական թեկնածուն` առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ չի կարծում, թե քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա, և ընդգծեց, որ «Իմ քայլը» հայտարարության մեջ նշել է կետեր, որոնց հետ հակասություն ունի թեկնածուն։
Նշենք, որ ավագանին արտահերթ նիստով քննարկում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը։
Դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ։ Նույն որոշման նախագիծը պետք է ներառի նաև ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ
Այդ նիստում քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը որոշվում է գաղտնի քվեարկությամբ` ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Քանի որ Երևանի ավագանին 65 անդամ ունի, ապա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար նրանցից առնվազն 33-ը պետք է կողմ քվեարկեն նախագծին։
Նշենք, որ «Իմ քայլն» այս պահին 52 անդամ ունի, որոնց թվում են նաև Հայկ Մարությանն ու նրան աջակցություն հայտնած 2 այլ անդամները։
Այդ դեպքում գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում։