«Դեռ մեռնելու ժամանակը չէ». Մադագասկարի ոստիկանության նախարարը 12 ժամ մնացել է բաց ծովում

Ծով. Արխիվային լուսանկար
Մադագասկարի ոստիկանության հրապարակված տեսանյութում 57-ամյա պաշտոնյան ուժասպառ տեսք, բայց ակնհայտորեն լավ տրամադրություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Մադագասկարի ոստիկանության նախարար Սերժ Գելլեն ուղղաթիռի կործանման հետևանքով ստիպված է եղել 12 ժամ լողալ օվկիանոսում, մինչև փրկարարները օգնության են հասել նրան։
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նախարարն ասել է, որ սառել է, բայց չի վնասվել:
Մադագասկարի ոստիկանության Twitter–ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում 57-ամյա Գելլեն համազգեստով պառկած է պատգարակի վրա։ Նա ուժասպառ տեսք, բայց ակնհայտորեն լավ տրամադրություն ունի։ Իր փրկվելը նախարարը մեկնաբանել է` ասելով. «Դեռ մեռնելու ժամանակը չէ»։
Մամուլին նաև հայտնել են, որ բաց ծովում նախարարը որպես լողամիջոց է օգտագործել ուղղաթիռի նստարաններից մեկը, ինչի շնորհիվ կարողացել է 12 ժամ շարունակ մնալ ջրի վրա։
Ոստիկանության կործանված ուղղաթիռում նախարարի հետ եղած մյուս երկու աշխատակիցները նույնպես փրկվել են։
Նրանք ուղևորվելիս են եղել երկրի հյուսիս-արևելքում զբոսաշրջային մոտորանավի խորտակման վայր, որտեղ այդ օրը վթարի հետևանքով առնվազն 39 մարդ էր զոհվել։