Ազգային ժողովում հերթական պարգևավճարներն են ստացել

Վերջին պարգևատրումը պատգամավորները ստացել էին 3 ամիս առաջ` 2021թ–ի սեպտեմբերին, Անկախության տոնի առթիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ` դեկտեմբերի 21-ին, պարգևատրումների մասին հերթական կարգադրությունն է ստորագրել։
Դրա համաձայն` միանվագ դրամական պարգևատրումներով են խրախուսվել Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները։
Թե ով ինչ չափով է պարգևատրվել, հայտնի չէ, քանի որ Ալեն Սիմոնյանի կարգադրության այդ հատվածը` հավելվածը, չի հրապարակվել։
Չի կարելի պահանջել ԱԺ խոսնակի հրաժարականը, բայց շատ հանգիստ կարելի է փոխել քաղաքապետին
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ԱԺ բոլոր պատգամավորները պարգևավճարներ են ստացել։ Սաղաթելյանը նշել էր, որ «Հայաստան» խմբակցությունը չի վերցնելու գումարը` կա՛մ վերադարձնելու է ՀՀ պետական բյուջե, կա՛մ որևէ ծրագիր է իրականացնելու ՀՀ սահմանամերձ մարզերում։
Պարգևավճարից հրաժարվելու հայտարարություն արեց նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը` նշելով, որ խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն էլ ասաց, որ պարգևավճարները «սիմվոլիկ գումար» են ու տրվել են Անկախության տոնի առթիվ։
«Սիմվոլիկ» գումարի չափն ավելի ուշ բացահայտեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` հայտարարելով, որ իր պարգևավճարը կազմել է 381 420 դրամ։
Նոյեմբերի 17-ին ԱԺ–ում ՔՊ անդամ Գևորգ Պապոյանն ասաց, որ պատգամավորները վերջին անգամ ամենամսյա պարգևատրում են ստացել 2020թ–ի փետրվարին:
Նշենք, որ ԱԺ պատգամավորի աշխատավարձը ամսական 661 400 դրամ է։