ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետ (վրաց-ռուսական սահման) տանող ճանապարհը փակ է վրացական կողմից և մինչև դեկտեմբերի 23-ը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր մեքենաների համար երթևեկությունը արգելափակվել է ձնահոսքի վտանգի պատճառով: Մլետա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն մարդատար մեքենաների համար։
Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ավելի քան 3 հազար տրանսպորտային միջոց (այդ թվում` հայկական բեռնատարները) վատ եղանակի պատճառով արգելափակվել են «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետի երկու կողմում:
Նշենք, որ Ռազմական–վրացական ճանապարհն այժմ միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։