Ո՞վ կլինի 1-ին ծիծեռնակը. հայկական ընկերությունները 2015–ից թռիչք չեն կատարել դեպի Թուրքիա

Երևանում շարունակվում է քննարկվել Թուրքիայի ուղղությամբ ուղիղ չվերթեր իրականացնելու թեման։ «Flyone Armenia» ավիաընկերությունն արդեն հայտարարել է, որ Երևան-Ստամբուլ թռիչքներ է կատարելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Առնվազն 2015 թվականից սկսած` հայկական ավիաընկերությունները դեպի Թուրքիայի քաղաքներ թռիչքներ չեն իրականացրել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ըստ այդմ` «Flyone Armenia»-ն կդառնա հայկական առաջին ավիաընկերությունը, որը 2015 թվականից հետո կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիա։ Ընկերությունն արդեն հայտարարել է Ստամբուլի ուղղությամբ չվերթեր կատարելու մտադրության մասին։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ ասել է, որ Ստամբուլ-Երևան չվերթը կգործարկվի առաջիկա օրերին։
Կոմիտեից տեղեկացրին, որ «Flyone Armenia»-ի թռիչքների որակը վերահսկվելու է գերատեսչության կողմից, քանի որ դա նախատեսված է «Ավիացիայի մասին» օրենքով։ Ինչ վերաբերում է ընկերությանը հարկային կամ այլ արտոնություններ տրամադրելուն, ապա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այդ մասին տեղեկություններ չունի։
Հայկական ընկերությունները ե՞րբ կկարողանան թռիչքներ կատարել դեպի Եվրոպա. ՔԱԿ–ի պատասխանը
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։