ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, ընդունեք խնդրեմ իմ անկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի պատասխանատու առաքելության մեջ իմ և հայ ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ աննկուն կամք, ուժ և անսասան հավատ՝ ֆրանսիացի ժողովրդին դեպի հաղթական նոր հորիզոններ առաջնորդելու համար»,– գրված է ուղերձում։
Փաշինյանը վստահեցրել է, որ այդ բարձր առաքելության գործում Հայաստանը կանգնած է Մակրոնի և բարեկամ Ֆրանսիայի կողքին՝ պատրաստ պաշտպանել մեզ միավորող համատեղ արժեքները, համընդհանուր իրավունքները և քաղաքակրթական ժառանգությունը։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում։ Թույլ տվեք հույս հայտնել, որ գալիք տարին մեր բարեկամ ժողովուրդներին կպարգևի նոր նվաճումներ՝ ի շահ Հայաստանի ու Ֆրանսիայի համատեղ բոլոր ծրագրերի հաջողության։ Խնդրում եմ ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։ Եղբայրաբար` Նիկոլ Փաշինյան»,– եզրափակել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր դառնում է 44 տարեկան։