Ռուս խաղաղապահները հրապարակել են Հայաստանի վերադարձրած ադրբեջանցիների լուսանկարները

Ռուս խաղաղապահների հրապարակած լուսանկարներից
Տեղեկությունը, որ Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին, հաստատել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ–ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պաշտոնական Telegram ալիքը հրապարակել է երեկ` դեկտեմբերի 20-ին Ադրբեջանին փոխանցված երկու ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները։
Դրանցում երևում է, որ բանակցություններին մասնակցել են ՀՀ ԶՈՒ սպաներ, Ադրբեջանի ներկայացուցիչը, ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներն ու ռուսական զորախմբի ներկայացուցիչը։
Ըստ լուսանկարների` զինվորականները վերադարձվել են համապատասխան փաստաթղթերի ստորագրման արդյունքում։
Նրանց վերադարձրել են ռուսական կողմի միջնորդությամբ։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ադրբեջանական կողմին են հանձնվել դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողները»,– ասվում է կից հաղորդագրության մեջ:

Տեղեկությունը, որ Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին, երեկ երեկոյան հաստատել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ դա արվել է «մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ»։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու մասին հայտնել էր «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Այդ մասին գրել էր նաև ակտիվիստ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում և նշել, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի են ընկել ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք տեղափոխվել են Երևան։