ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ալավերդյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գոհ է մարզաձևի արդյունքներից աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերից հետո։
Հայաստանը ներկայացնող ծանրորդները 2021 թվականին նվաճել են 38 ոսկե մեդալ, որոնցից 28–ը՝ երկամարտի արդյունքներով. «Այսինքն մեն 28 անգամ բոլորին ստիպել ենք ոտքի կանգնել ու լսել Հայաստանի պետական օրհներգը։ Կա՞ մեկ այլ մարզաձև, որում նման արդյունք գրանցվել է»,- հարց տվեց Ալավերդյանը։
Դժգոհելով Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներին տրված գնահատականներից՝ Ալավերդյանը նշեց. «Մենք սովորեցրել ենք, որ պիտի միշտ հաղթենք, և ձեզ համար երկրորդ կամ երրորդ տեղը դարձել է ոչ թե պարտություն, այլ ձախողում։ Աշխարհի առաջնությունում մեր տղաների ելույթները ես գնահատում եմ բավարար։ Միշտ չէ, որ հնարավոր է հաղթել բոլորին։ Չնայած ասեմ, որ քանի ես կամ, մենք դեռ շատ ուժեղ ենք լինելու շատ երկրներից։ Բայց եթե դուք գնահատում եք մեր հավաքականի ելույթները որպես անհաջողություն կամ ձախողում, ես կարող եմ հեռանալ իմ զբաղեցրած պաշտոնից»։
Տաշքենդի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդները ոսկե մեդալ չկարողացան նվաճել երկամարտի արդյունքով։ Բայց ունեցանք բոլոր հարգի մեդալներ առանձին վարժություններում։ Ւսկ տարվա կտրվածքով մենք հիմա էլ ունենք Եվրոպայի գործող չեմպիոններ ու փոխչեմպիոններ։ Եվ ծանրորդների հաջողությունը հավաքականի մարզիչը գնահատում է նաև նրանով, որ Հայաստանի լավագույն տասը մարզիկների թվում կլինեն առնվազն երեք ծանրամարտիկներ։
Ասուլիսի ընթացքում Ալավերդյանն առանձին անդրադարձավ Անդրանիկ Կարապետյանին, որը 89 կգ քաշային կարգում հաղթեց պոկում վարժությունում, բայց վնասվածք ստացավ ու հրում վարժությունում զրո ստացավ. «Անդրանիկը ամեն ինչ տվել է մեր երկրին, և ես համոզված եմ, որ չնայած տարբեր կարգի ու ծանր վնասվածքներին՝ այս մարզիկը օլիմպիական չեմպիոն է դառնալու։ Նա դեռ իր խոսքն ասելու է» – նշեց Ալավերդյանը։
2022 թվականի մարզական տարին մեր ծանրորդները սկսելու են նախապատրաստվել արդեն հունվարի 10-ից՝ անցկացնելով ուսումնամարզական առաջին հավաքը Հայաստանում։