ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի խոտի հոկեյի (մականախաղ) հավաքականի նախկին գլխավոր և ՀՀ վաստակավոր մարզիչ Հրանտ Պետրոսյանը հրաշալի նախագիծ ձեռնարկեց Գյումրիում։ Դեռ 2013 թվականին նա համացանցում առաջին անգամ ներկայացրեց «Gyumri Sport City»–ին` սպորտային քաղաքը, որի մեջ նաև խոտի հոկեյի մարզադաշտն է։
Հրանտ Պետրոսյանի ասուլիսը
© Sputnik / Asatur Yesayants
Թե ինչ եղավ նախագծի հետ, որի ներկայացումից անցել է ութ տարի, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում պատմել է ինքը` Հրանտ Պետրոսյանը։ Նրա խոսքով` գործը տեղից չի շարժվում, որովհետև պատկան մարմինները որևէ հարցով չեն աջակցում նախագծի գործարկմանը։
«Դիմել եմ տարբեր մարզպետների, քաղաքապետների, Օլիմպիական կոմիտե, սպորտային ու ոչ սպորտային տարբեր կառույցների։ Ոչ ոք չի ուզում մատը մատին տալ։ Բոլորն ուզում են, որ ես կառուցեմ, իրենք ծափահարեն», - վրդովված սկսեց Հրանտ Պետրոսյանը։
Պետրոսյանը Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 20 տարի բացակայությունից հետո։ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում մականախաղը լավ մասսայականություն էր վայելում, ունեինք շատ ուժեղ թիմեր՝ տղամարդկանց Հրազդան քաղաքում, կանանց` Գյումրիում։ Երկու թիմերն էլ մեծ հաջողությամբ հանդես էին գալիս ԽՍՀՄ բարձրագույն խմբում։ Բայց ԽՍՀՄ փլուզումից հետո այս մարզաձևը Հայաստանի մարզական քարտեզից մկրատով կտրեցին։ «Այո, հիմա մականախաղն ուղղակի չկա Հայաստանում։ Մարզաձևը չկա, մարզիկներ չկան, բայց կան այս մարզաձևից պրոֆեսորներ։ Ես կառուցել եմ մականախաղի մարզադաշտ, որտեղ այս մարզաձևը սկսելու է զարգանալ, բայց մականախաղի ՀՀ ֆեդերացիայի նախագահը մինչև օրս չի էլ տեսել այդ մարզադաշտը», - հավելեց Պետրոսյանը։
Նա պատմեց, որ այցելել է Օլիմպիական կոմիտե, և չնայած այս մարզաձևն օլիմպիական է, բայց կոմիտեում իրենցով չեն հետաքրքրվել։ «Հայաստանում Օլիմպիական կոմիտե կա, բայց չգիտես ինչու` մենք իրենց համար չկանք։ ՀԱՕԿ–ում դեռ սովետական տարիներն են, շատ մարդկանց եմ տեսել, որոնք իմ երիտասարդ ժամանակներից, երբ ես խաղում է Հայաստանի հավաքականի կազմում, Սպորտկոմիտեում նստած էին իրենց կաբինետներում, հիմա էլ ՀԱՕԿ-ի կաբինետներում են նստած»,–ասաց նա։
Մարզակառույցն արդեն կառուցված է, բայց իշխանությունների չի հետարքրքում։ Պետրոսյանի խոսքով`նրանք ձեռք մեկնելու, օգնելու փոխարեն անում են լրիվ հակառակը՝ խանգարում են։
«Սեպտեմբերի 19-ին Գյումրիում պաշտոնապես բացել ենք «Լեննագան» անունով մարզադաշտն իր ենթակառուցվածքներում, բայց մինչև օրս ես չեմ կարողանում գազի մատակարարում ապահովել մեր շենքին։ Բացի այդ շարունակում եմ տուգանքներ ու հարկեր մուծել»,–ասում է Պետրոսյանը` մտահոգվելով, որ երեխաները` Գյումրիի հրաշալի սերունդը դատապարտված է պարապության: Նա հիշեցնում է, որ Գյումրիում անհատական մարզաձևերում բազմաթիվ չեմպիոններ կան ու կլինեն։ Ու հարց բարձրացնում` ինչու՞ չզարգացնենք թիմային խաղը։ «Ես երբեք չեմ դադարի պայքարելուց։ Ու թիմ եմ ստեղծելու Գյումրիում և մարզելու եմ։ Բացի մականախաղից այստեղ առաջընթաց կարող են ապրել ռեգբին, կանանց ֆուտբոլը»,–ասում է նա։
Հրանտ Պետրոսյանի կառուցած «Լենագգան» մարզական կառույցում կարող են անցկացվել ոչ միայն մարզական, այլ նաև մշակութային միջոցառումներ։
Հավելենք, որ Պետրոսյանը վաճառել է իր բնակարանն ու բիզնեսը Ռուսաստանում և եկել Հայաստան ներդրումներ կատարելու համար։ Հիմա էլ Գյումրիում նրա բնակարանը գրավի տակ է մարզական ծրագրերը իրականացնելու համար։