ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ, աշխարհի չեմպիոն Դմիտրի Սոլովյովին հիվանդանոց են տեղափոխել ծեծկռտուքի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել մարզիկի մենեջեր Ելենա Բոլոտովան։
Ըստ նրա` միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր։ Դմիտրին փորձել է պաշտպանել իր քաղաքացիական կնոջը` կյոռլինգիստ Աննա Սիդորովային։ Լեզվակռիվը ծեծկռտուքի է վերածվել։
«Դիման մենակ է եղել, նրան ծեծած տղամարդիկ` երեքը։ Այժմ Դմիտրին հիվանդանոցում է։ Բժիշկներից մանրամասների ենք սպասում նրա առողջական վիճակի, հստակ ախտորոշման և տեղի ունեցածի հետևանքների հետ կապված», – ասել է Բոլոտովան։
Սոլովյովը 32 տարեկան է, նա Սոչիում կայացած Օլիմպիական խաղերում (2014) հաղթող է ճանաչվել թիմային մրցումներում, ինչպես նաև Փհենչհանի խաղերի ժամանակ արժանացել արծաթե մեդալի։ Բացի այդ Սոլովյովը սառույցի վրա պարերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։