Մալենան նոր նշաձող սահմանեց. «Մանկական Եվրատեսիլը» 2-րդ անգամ կանցկացվի Հայաստանում

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հաջորդ տարի ցանկություն է հայտնել հյուրընկալելու 20-րդ «Մանկական Եվրատեսիլը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին Փարիզում տարած հաղթանակի շնորհիվ՝ 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
14-ամյա Մալենայի «Քամի, քամի» երգը հաղթեց 19-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչ:
Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է մրցույթում։ 2022 թվականին Հայաստանը երկրորդ անգամ կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլը»:
«Հայաստանի հետաքրքիր, բարձրակարգ և ժամանակակից կատարողը նոր նշաձող սահմանեց մրցույթի համար։ Հայաստանի ոգևորությունը մրցույթի հանդեպ անսահման է, և մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հաջորդ տարի ցանկություն է հայտնել հյուրընկալելու 20-րդ «Մանկական Եվրատեսիլը»։ Անհամբերությամբ սպասում ենք նրանց հետ համագործակցությանը, որպեսզի միասին կազմակերպենք յուրահատուկ շոու, որը հոբելյանական է»,– ասել է մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը։
«Մանկական Եվրատեսիլ» 2022 մրցույթի անցկացման ամսաթիվը և վայրը կհաստատվեն մոտակա ամիսներին։
Ինչպես Մալենայի հաղթանակին արձագանքեցին հայտնի հայերը և ոչ միայն. գրառումներ և տեսանյութեր
Հիշեցնենք` 2010 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով Հայաստանը ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում և 120 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։