Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուսական ինժեներասակրավորական ստորաբաժանումներն ականազերծել են մոտ 5 հա տարածք և օբյեկտներ, ոչնչացրել են մոտ 20 չպայթած զինամթերք:
Հրադադարի ռեժիմը վերահսկելու և սադրիչ գործողություններ թույլ չտալու նպատակով ռուսական խաղաղապահ զորախմբի շարժական խմբերը 66 անգամ պարեկություն են արել սահմանազատման գծի երկայնքով:
Նրանք Ամարաս ու Գանձասար են ուղեկցել ավելի քան 400 ուխտավորի։
Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների մասնակցությամբ 11 ակցիա են անցկացրել տեղահանվածներին ու կարիքավոր ընտանիքներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Տրամադրվել է մոտ 3 տոննա մարդասիրական օգնություն։ Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրների կատարումը շարունակվում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: