Երևանի ավագանու հերթական նիստը չկայացավ. ինչո՞ւ Մարությանը չի դիմում երևանցիներին

Հայկ Մարությանը վստահեցրեց, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դեկտեմբերի 22-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ավագանու հերթական նսիտը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց այն։
«Փաստացի քվորում չունենք, հետևաբար նիստը չի կայանում»,– նշեց Մարությանը, որը մինչ այդ 30 րոպե ընդմիջում էր հայտարարել։
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքրվեց, թե ինչու Մարությանը նման դժվար պահին չի դիմում երևանցիներին։ Քաղաքապետը նշեց, որ բոլոր պատասխանները կտրվեն վաղվա նիստի ժամանակ։
2022 թվականին կունենանք ամբողջովին նոր 1000 վերելակ. Մարությանն ուրախ լուր հայտնեց
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու դեկտեմբերի 21-ին կայանալիք նիստին, ինչի պատճառը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ քաղաքական հակասություններն են։
Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր։
Խմբակցությունը միաժամանակ հայտարարել էր, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, և կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, և օրակարգում մեկ հարց կլինի` «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։