Ձերբակալվել է Գառնիկ Իսագուլյանը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Գառնիկ Իսագուլյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում նա, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է չկատարված հանցագործության մասին:

Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Իսագուլյանը հայտնել է, թե իբր Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Իսագուլյանը, կասկածներ չունի։

«Ըստ նրա հայտարարության` Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ ՀՀ վարչապետը Բաթում քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է, և չեն կարողանում թոշակները վճարել` այդկերպ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ»,– նշում են ՔԿ–ից։


Վերը նկարագրված հանցավոր արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով) Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Իսագուլյանն արդեն իսկ մեղադրվում է նույնական և համասեռ՝ ՀՀ վարչապետի, նախկին և ներկա մի շարք պաշտոնատար անձանց ու հասարական գործիչների (1-ին դրվագ), ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս նախագահի (2-րդ դրվագ), Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի (3-րդ դրվագ) վերաբերյալ սուտ մատնություն կատարելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (մեկ դրվագ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:
Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, Մակունցն էլ դատի է տվել նրան