ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում սնունդը թանկացել է, մանկապարտեզներին ու դպրոցներին տրվող սննդի գումարները չեն համապատասխանում այսօրվա գներին։
ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարն առաջիկայում պատրաստվում է հրաման ստորագրել, որով ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան գումարը կհամապատասխանեցվի իրական գներին։
Նախարարի հրամանի նախագիծն արդեն հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am էլեկտրոնային հարթակում։
Դրա համաձայն, դպրոցականներին տրվող մեկանգամյա սննդի 1 բաժինը գնահատված է 120 դրամ, մինչդեռ նախարարության մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնաճի ու թանկացումների պատճառով այն իրականում արդեն տատանվում է 158–181 դրամի սահմաններում:
«Ուսումնասիրություններն ու ՀՀ մարզերի դպրոցներից ստացված փաստացի գնահարցումների արդյունքները ցույց են տալիս, որ գնաճը տարածվում է հաստատված 120 դրամ գումարի շրջանակում 20 անուն մթերքից յուրաքանչյուրի վրա: Արդյունքում՝ անհրաժեշտ ծախսերի համար բանաձևի՝ մթերքի բաժնի 120 դրամի փոխարեն տատանվելով 158 – 181 դրամի սահմաններում»,– ասված է որոշման հիմնավորումներում:
Ուստի ԿԳՄՍ նախարարի հրամանով փորձ է արվում ֆինանսավորումը համապատասխանեցնել իրական գներին, որպեսզի գումարի անհամապատասխանությունը բացասաբար չազդի երեխաների սննդի որակի վրա։
Նախարարի հրամանը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2022 թվականի հունվարի 1-ից։
Նշենք, որ «Դպրոցական սնունդ» ծրագրով երեխաներին հատկացվող ճաշացանկը հաստատվել է 2016 թ-ից ու առ այսօր չի վերանայվել ո՛չ ապրանքների, ո՛չ գների մասով։
Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի նախակրթարաններում ու դպրոցների տարրական դասարաններում սովորող երեխաներին տրվում է մեկանգամյա տաք սնունդ, եթե կրթարանն ունի համապատասխան խոհանցային պայմաններ: Իսկ դրանց բացակայության դեպքում տրվում է չոր սնունդ` «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով, որը Հայաստանում փորձարկվել ու կիրառության մեջ է դրվել 2013 թվականի սեպտեմբերից։