Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել

Ազգային ժողով. արխիվային լուսանկար
Փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնել է, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվել քրգործը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ-ում դեկտեմբերի 7–ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Լիահույս եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացնի օբյեկտիվ նախաքննություն»,–գրել է նա։

Հիշեցնենք` ինչպես լրագրողներին պատմել էր ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը, ծեծկռտուքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան, ըստ Գևորգյանի, մասնակցել են ՔՊ–ականներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։
Ազգային ժողովի ծեծկռտուքի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ
Իմ օգնականներին ներս կանչեցի, որ չլսեն խայտառակ հայհոյանքներ. Ռուբինյանը` ծեծկռտուքի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն` այս գործով բացատրություններ տալու։