ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի նախագահի ընտրություններում «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածուն է:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2022 թվականի ապրիլի 10-ին և 24-ին։
Հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ֆրանսիային ու Ֆրանսիայի ժողովրդին ընդունում են որպես լավ բարեկամների, քանի որ նրանք հայ ժողովրդի հետ են եղել ամենադժվար պահերին:
«Այսօր ևս Հայաստանի համար շատ զգայուն ժամանակահատված է: Համավարակից ու պատերազմից հետո մենք դժվարությունների միջով ենք անցնում: Պատերազմում պարտությունը դառը համ ունի, բայց նաև նրա համար է, որպեսզի ցույց տանք, որ կարող ենք նաև արժանապատվորեն ոտքի կանգնել»,–ասել է Սարգսյանը։
Այդ համատեքստում ՀՀ նախագահն անգնահատելի է համարել բարեկամներից ստացված օգնության ձեռքը:
«Պատերազմի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Ֆրանսիան մեր իրական բարեկամն է»,–ընդգծել է Սարգսյանը:
Վալերի Պեկրեսն իր հերթին նշել է, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան և արդյունավետ համագործակցություն է ծավալվել Իլ դը Ֆրանսի և Հայաստանի մի շարք համայնքների ու մարզերի միջև:
Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի և մասնավորապես Իլ դը Ֆրանսի հայ համայնքն ամենայն ուշադրությամբ է հետևում Հայաստանի իրադարձություններին, և Ֆրանսիայի ժողովուրդը ցանկանում է հնարավորինս աջակցել հայ ժողովրդին։
«Այսօր, ինչպես Դուք նշեցիք, Ֆրանսիան ցանկանում է մասնակցել խաղաղության գործընթացին և օգնել բարեկամ Հայաստանին, որպեսզի նա ոտքի կանգնի ու տոկուն լինի»,–նշել է նա:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հետպատերազմական իրավիճակին, առկա մարդասիրական խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական ու պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:
Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման, ապագային ուղղված ծրագրերի շուրջ: