ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 21-ին հայտարարել է 280 վերելակի մրցույթ։ Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստից առաջ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը 30 րոպեով ընդմիջում հայտարարեց, քանի որ քվորում չէր ապահովվել։
Նա նշեց, որ 2021 թվականին տեղադրվել է 54 վերելակ, որը նախատեսված էր վերջին պատերազմական գործողություններից հաշմանդամություն ստացած զինվորների համար։ 46 վերելակի մրցույթն արդեն ընթացքում է։
«Ծրագիրը մեկնարկել է անցած տարվանից և ընդհանուր առմամբ այս ընթացքում տեղադրվել է շուրջ 520 վերելակ, 100 վերելակի մրցույթի մասին հայտարարել էի ավելի վաղ, այժմ էլ ևս 280 վերելակի մրցույթ է հայտարարվել։ Ստացվում է, որ 2022 թվականին կունենանք ամբողջովին նոր 1000 վերելակ»,– ասաց Մարությանը։
Նշենք, որ վերելակների փոխարինման և գնման գործընթացը սկսվել է դեռ 2020 թվականից։ Ընդհանուր առմամբ Երևանի շենքերում տեղադրված է մոտ 4600 վերելակ, որոնցից փոխարինման կարիք ունի 3500–ը։ Մեկ վերելակի պայմանագրային արժեքը միջինում 10 միլիոն դրամ է։