ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Վրաստան–Ռուսաստան սահմանին` «Վերին Լարսի» անցակետում ճանապարհը վրացական կողմից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Հաղորդագրության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր ավտոմեքենաների համար երթևեկությունն արգելափակվել է ձնահոսքի վտանգի պատճառով:
Այս պահին նշված հատվածներում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը ցածր է։
Հիշեցնենք, որ ռազմավարական այս ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որով Հայաստանը կապվում է Ռուսաստանի հետ։
Նշենք, որ Հայաստանի տարածքում ևս եղանակային պայմաններով պայմանավորված կան դժվարանցանելի ու վտանգավոր ճանապարհներ։ Մասնավորապես` Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։