Ռուսաստանն արտաքսում է գերմանացի 2 դիվանագետի. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Գերմանիայի կառավարության ոչ բարեկամական քայլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվայում Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայրին այսօր կանչել են ՌԴ ԱԳՆ։ Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում։
Նշվում է, որ գերմանական դիվանագիտական առաքելության ղեկավարին վճռական բողոք է ներկայացվել Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցներին «անցանկալի անձ» հայտարարելու մասին Գերմանիայի կառավարության ոչ բարեկամական որոշման կապակցությամբ:
Ռուսաստանի ԱԳՆ–ում ասել են, որ Գերմանիան այդ որոշման համար պատրվակ է դարձրել 2019 թվականի օգոստոսի 23-ին Բեռլինում Հյուսիսային Կովկասի ահաբեկչական խմբավորումների նախկին առաջնորդներից մեկի՝ Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով ՌԴ քաղաքացի Վադիմ Սոկոլովի նկատմամբ Բեռլինի բարձրագույն դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կայացրած դատավճիռը, որը, ՌԴ ԱԳՆ-ի գնահատմամբ, բացարձակապես անարդար է և կողմնակալ։
Դեսպանին ասել են, որ Մոսկվան կտրականապես հերքում է մերկապարանոց և իրականությունից կտրված մեղադրանքները, թե ռուսական պետական կառույցները կապ ունեն այդ հանցագործության հետ։
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիային ռուս դիվանագետների արտաքսման համար
«ԳԴՀ դեսպանին հայտնել են, որ Ռուսաստանում Գերմանիայի դեսպանատան երկու դիվանագիտական աշխատակիցներին «persona non grata» է հայտարարվում է` որպես Գերմանիայի կառավարության վերոհիշյալ ոչ բարեկամական որոշման համարժեք պատասխան։ Ինչպես նաև շեշտվել է, որ ռուսական կողմն անփոփոխ ադեկվատ արձագանք կտա նաև ապագայում մեր հասցեին Բեռլինի ցանկացած հնարավոր հարձակումներին», - նշված է հաղորդագրության մեջ:
Բեռլինի բարձրագույն դատարանը ռուսաստանցի Վադիմ Սոկոլովին (Կրասիկով) մեղավոր է ճանաչել Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության մեջ ու նրան դատապարտել ցմահ ազատազրկման: Պաշտպանական կողմը պնդում է, որ ապացուցողական բազան անբավարար է, բողոքարկման որոշում դեռ չի ընդունվել: Գերմանիայի ԱԳՆ-ն դատավճռից հետո կանչել է ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևին ու հայտնել, որ արտաքսում է ՌԴ երկու դիվանագետի։