ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը ողջունում է Ադրբեջանի կողմից 10 հայ զինվորականների ազատ արձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան բանակցություններից հետո։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Ողջունում ենք ԵՄ աջակցությամբ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի 10 ձերբակալվածների (զինվորականների) ազատ արձակումը։ Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր ձերբակալվածներին։ Մենք կարևորում ենք ձերբակալվածների նկատմամբ միջազգային պարտավորություններին համապատասխան մարդասիրական վերաբերմունքը», –գրել է նա։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 10 զինծառայողների, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16–ին տեղի ունեցած սահմանային բախումների ժամանակ։
Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը ԼՂ–ում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ վերադարձրել էր` նոյեմբերի 16–ին Սյունիքում մարտական բախումների ժամանակ գերեվարված 10 մարդու։ Եվս մեկ վիրավոր վերադարձվել էր նոյեմբերի 25-ին` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Սոչիում կայանալիք հանդիպման նախօրեին։