Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 հայ գերիների վերադարձը խոսում է այն մասին, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում իրավիճակ է փոխվել կամ ուզում է փոխվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Նրա խոսքով` ԵՄ-ն մտել է հայ հասարակության համար չափազանց զգայուն` գերիներին վերադարձնելու դաշտ, որտեղ մինչ օրս նախաձեռնողականությունը եղել է Ռուսաստանի Դաշնությանը։
Եվրամիությունն այս քայլով միանգամից մի քանի խնդիր է լուծում. նախ` փորձ է արվում հնարավորինս ճնշել, թուլացնել տարածաշրջանում ՌԴ դերակատարումը, մյուս կողմից` սա «եվրոպական նոր պատուհանների մասին ուղերձ է Հայաստանին։
«Գեոպոլիտիկ շահերի առումով ԵՄ-ն արձանագրում է, որ իրենք ազդեցության լծակներ ունեն և կարողանում են Իլհամ Ալիևից 10 հայազգի գերի վերցնել ու փոխանցել հայկական կողմին։ Սա մրցակցության, էլեմենտների համակցություն է, որը եթե շարունակական լինի, կարելի է արձանագրել, որ մտնում ենք Մինսկի խմբի ներքին մրցակցության ակտիվության ինչ-որ շրջափուլ»,- ասաց նա։
Ղևոնդյանի կարծիքով` մինչև Մինսկի խմբի ձևաչափը նոր շրջափուլում նոր շունչ ստանա, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի վարանի գերիների վերադարձը վաճառել ներքին լսարանի վրա հակառուսականության քարոզին նոր թափ հաղորդելու, ԵՄ-ին սիրաշահելու նպատակով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 14-ին հանդիպեցին Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն վերահաստատել են երկաթգծի աշխատանքի վերականգնման պայմանավորվածությունը։ Բելգիայի մայրաքաղաքում ևս մեկ հանդիպում կայացավ դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։
Դեկտեմբերի 19-ին Եվրամիության միջնորդությամբ Հայաստան վերադարձան ևս 10 զինծառայողներ։