Ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր, «Comedy Club Production»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, իր հազարավոր հետևորդներին տեղեկացրեց Հայաստանի հաղթանակի մասին։
««Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի, քամի» երգով։ Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում»,–գրեց նա։
Էլինա Ջանիբեկյանի գրառումը Instagram-ում
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Հայաստանի հաղթանակից անմիջապես հետո գրառում արեց Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում։
«Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց առաջին հորիզոնականը , բրավո՜, Մալենա՛»,–գրեց Ժաննան։
Ռուսաստանաբնակ սկանդալային երգչուհի, «Black Star»-ի նախկին մասնակից , հայազգի Քրիստինա Սին ևս հրապարակում արեց Instagram-ի իր էջում։
«Հպարտությամբ եմ լցվել։ Մալենան` Հայաստանի մասնակիցը, առաջին տեղը զբաղեցրեց Եվրատեսիլում։ Արդարություն գոյություն ունի, իմ փոքրիկ»,–գրեց նա։
Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ ևս ջերմորեն շնորհավորեցին Մալենային։
Ճանաչված երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակեց Մալենայի լուսանկարն ու շնորհավորեց նրան։
Երգիչ Թաթա Սիմոնյանը Instagram-ի իր էջում ևս շնորհավորեց աղջնակին։
«Մեր Մալենան հաղթեց ու այս գեղեցիկ տոնը բերեց Հայաստան։Շնորհավորում եմ բոլորիս»,–գրեց երգիչը։
Երգչուհի Սոնա Ռուբենյանի արձագանքը բուռն էր. «Ուռա, չեմ հավատում, ապրես, տաղանդավոր ջան, ապրեք թիմ ջան, ուրախ եմ շատ»։
Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում գրեց, որ իր դուստրը սպասում էր Մալենայի հաղթանակին։
«Միլաս հենց սկզբից էլ զգում էր մեր հաղթանակը։ Մալենա, շնորհակալ ենք քեզ ու քո թիմին մեզ ժպիտ ու երջանկություն պարգևելու համար»,–գրեց Սիլվան։
Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում շնորհավորական գրառում արեց նաև երգիչ Արամեն. «Ապրեք շատ, ուրախացրեցիք հայերիս»։
Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նույնպես շնորհավորեց աղջնակին. «Սիրուն ջա՜ն, ուժեղ ու տաղանդավոր երգչուհի ու գժական էներգետիկա... արժանավորագույն առաջին տեղ: Շնորհավո՜ր»։
Ճանաչված երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը մաղթեց, որ այս երաժշտական հաղթանակը սկիզբը լինի։
Իսկ ամենահուզիչ արձագանքը թերևս հայ զինվորներինն է։ Սոցցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որում հայ զինվորները, Մալենայի հաղթանակից ոգևորված, շնորհավորում են իրար։