Ինչպես է Հայաստանի տնտեսության վրա ազդել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոյի ժամկետը մոտենում է ավարտին, և հնարավոր է՝ իշխանությունն այն ևս կես տարով երկարաձգի։ Sputnik Արմենիան պարզել է՝ ինչպես է մեկ տարի ժամկետով արգելքն ազդել երկրի տնտեսության վրա և ինչ այլընտրանքային շուկաներ են բացվել այս ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Հայկական տնտեսությունը կարողացավ դիմակայել թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոյին, թեև ոչ 100 տոկոսով (Թուրքիայից արտադրանքն այսպես թե այնպես շուկա էր մտնում)։ Ի դեպ, արգելքը նաև խթան էր տեղական ձեռնարկությունների բացման և գործող ձեռնարկությունների արտադրության ընդլայնման համար։
Այժմ թույլատրվում է Թուրքիայից միայն հումք և վերամշակման ենթակա արտադրանք ներկրել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2021 թվականին Թուրքիայից հիմնականում ներմուծվել են շինանյութեր, տրիկոտաժե և բամբակյա գործվածք, բնական կաշի։
«Ճիշտ ենք անում». Քերոբյանը` թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարացնելու մասին
Սակայն ոչ պաշտոնապես՝ երրորդ երկրների միջոցով, Հայաստան մուտք են գործում թուրքական արտադրության ապրանքներ, որոնք նախատեսված են վերջնական սպառման համար։ Դա հաստատել է նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ։ Նա տեղեկացրել է, որ Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը, նախնական տվյալներով, 2021 թվականին կրճատվել է մոտ 10 անգամ ու վստահեցրել է, որ պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը հետևում է, որ թուրքական ապրանքներն այլ երկրների պիտակներով չներկրվեն։ Սակայն վերահսկողությունը բարդանում է այն հանգամանքի պատճառով, որ Եվրասիական տնտեսական միության երկրներից ապրանքները ենթակա չեն մաքսային զննման, և դա հնարավորություն է տալիս արգելքի տակ գտնվող արտադրանք բերել։

Ի՞նչ արդյունքներ ունենք

Թուրքական արտադրանքի ներմուծման էմբարգոն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից։ Մի շարք մասնագետներ դեռ անցյալ տարի հայտարարում էին, որ դա տնտեսության որոշ ճյուղերի կոլապսի կհանգեցնի։ Սակայն, նախարարության տվյալներով, ամեն ինչ այլ է։
«Այն կանխատեսումները, թե թուրքական ապրանքների ներկրման արգելքի արդյունքում տնտեսության մի շարք ճյուղեր կենթարկվեն կոլապսի, տեղի չեն ունեցել: Ավելին՝ այն տնտեսության որոշ ճյուղերի վրա որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Մասնավորապես, հիմնվել են տեղական արտադրություններ՝ տեքստիլի, կոշկագործության, կահույքի, շինանյութերի, լվացող մաքրող միջոցների արտադրության բնագավառներում, ինչպես նաև բացվել են ներկերի և սոսնձի արտադրություններ», - նշված է Sputnik Արմենիայի հարցման պատասխանի մեջ։
Բանն այն է, որ թուրքական արտադրանքի նկատմամբ էմբարգոն հանգեցրել է ներմուծման փոխարինման, առավելապես ԵԱՏՄ և ԵՄ գործընկեր երկրներից։ Բացի այդ, առաջացել է բիզնեսի ակտիվ աջակցության՝ նոր ձեռնարկությունների բացման և գործող ձեռնարկությունների արտադրության ընդլայնման հարցը։
Որոշումը թերի է և մասնակի. Մինասյանը` թուրքական ապրանքների ՀՀ ներմուծման արգելքի մասին
Այսպես, երկրում գործող մի շարք ընկերություններ ընդլայնեցին իրենց գործունեությունը, նոր աշխատատեղեր ստեղծվեցին։ Սակայն հաշվի առնելով, որ նոր արտադրության ստեղծումը երկարատև գործընթաց է, արդյունքները միայն 3-5 տարի հետո կերևան։
Նախարարությունից հայտնում են, որ հետազոտությունների համաձայն՝ հետպատերազմական շրջանում երկրներն ունենում են միջինում 7-10% տնտեսական անկում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 4,4%, կարելի է եզրահանգել, որ ՀՀ տնտեսությունը ի վիճակի է դիմակայել նաև թուրքական ապրանքների ներմուծման արգելքի պայմաններում։

Ի՞նչ է ներմուծվում Թուրքիայից

Հարևան երկրից պաշտոնապես թույլատրված է հումքի ու վերամշակման ենթակա ապրանքների ներմուծումը։ 2021 թվականին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել շինանյութ, տրիկոտաժի և բամբակյա գործվածք, բնական կաշի ։
2019 թվականին Հայաստանի Հանրապետություն թուրքական ապրանքների ներմուծման ծավալը կազմել է տարեկան մոտ 268,1 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թվականին՝ 227,1 մլն ԱՄՆ դոլար: Սակայն 2021 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում այն կազմել է ընդամենը 21,5 մլն ԱՄՆ դոլար՝ թույլատրելի, վերամշակման ենթակա ապրանքների կամ հումքի ներկրման արդյունքում:
Ընդ որում, բարձր մաքսատուրքով ապրանքներ չեն ներկրվել։
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը պետք է երկարաձգել. տնտեսագետն ասաց` ինչու
«Ներկա փուլում վիճակագրական տվյալների վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ մի շարք ապրանքների մասով տեղի է ունեցել թիրախային շուկաների փոփոխություն և նոր առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորում։ Մասնավորապես՝ նավթ, նավթամթերքի մասով արձանագրվել է ՀՀ ներմուծման ծավալների աճ ՌԴ-ից 61%-ով, իսկ Իտալիայից՝ 29 անգամ։ Կոշիկի շուկայի մասով ունենք նոր թիրախային շուկա՝ ԱՄԷ, որտեղից ներմուծումը կազմել է մոտ 1,3 մլն ԱՄՆ դոլար», - նշված է Sputnik Արմենիային տրամադրած փաստաթղթում։
Նախարարությունում կարծում են, որ թուրքական ծագման ապրանքները Հայաստանում մրցունակ են նաև տրանսպորտային ծախսերի առումով, ինչն աշխարհագրական դիրքի պատճառով հեռու գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների դեպքում բավականին խնդրահարույց է։
Հայրենական ապրանքներին ի վնաս գործող ներմուծման արտոնությունները կվերացվեն. նախարար
Միևնույն ժամանակ, ինչպես բիզնեսի ներկայացուցիչները, այնպես էլ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները աշխատանքներ են տանում այլընտրանքային շուկաների որոնման և տեղական արտադրության աջակցության ուղղությամբ: Դա թույլ կտա հետագայում վերջնականապես հրաժարվել թուրքական արտադրանքից։
Նախարարությունում նշում են, որ արգելքից հետո հնարավոր պակասուրդը տեղական արտադրությամբ լրացնելուց բացի դիտարկվել է նաև այլընտրանքային շուկաների որոնման և այլ երկրներից ներմուծումներով փոխարինման հարցեր, մասնավորապես՝ իրականացվել են աշխատանքներ տարբեր երկրներում գործող առևտրային ներկայացուցիչների և կցորդների հետ, կազմակերպվել են հանդիպումներ, ինչպես նաև վերջիններիս տրամադրվել է արգելված ապրանքների ցանկը՝ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության նոր կապեր ստեղծելու նպատակով։
Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման դեպք. հարուցվել է քրգործ
Փոխարինումը տեղի է ունեցել հիմնականում ԵԱՏՄ շուկայի միջոցով, որի շրջանակում առևտուրն իրականացվում է առանց մաքսատուրքերի, ինչպես նաև ԵՄ շուկայի միջոցով։
«Ներկա փուլում բանակցային տարբեր փուլերում են գտնվում ազատ առևտրի համաձայնագրեր՝ Հնդկաստանի, Եգիպտոսի և Իսրայելի հետ, որոնց շրջանակներում ևս կարելի է դիտարկել այլընտրանքային շուկաների որոնման և թուրքական ծագման ապրանքների այլ երկրներից ներմուծումներով փոխարինման հարցերը», - նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ էմբարգոն սահմանվել էր այն բանից հետո, երբ 2020-ի հոկտեմբերին Թուրքիան բացահայտորեն աջակցեց Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում և լայնածավալ ռազմական աջակցություն ցուցաբերեց Բաքվին: Ավելի վաղ Հայաստանը Թուրքիայից տարեկան 250-270 մլն դոլարի ապրանք էր ներմուծում։