ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները մոտ ժամանակներս կարող են հանդիպել։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Մալազիայի իր պաշտոնակից Սայֆուդդին Աբդուլայի հետ բանակցություններից հետո։
«Հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար մենք հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել։ Մոտ ժամանակներս նրանք բանակցություններ կանցկացնեն», - նշել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը չի հստակեցրել առաջիկա հանդիպման մանրամասները։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատել էր այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանը կներկայացնի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։