Ֆրանսիան ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների նշանակումը

Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳՆ–ն համոզված է, որ գործընթացը կօգնի տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու որոշումը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչին։
«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու հայտարարությունները», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
«3 + 3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայո՞ւմ. Վրաստանին սպասում են այնտեղ
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան լիովին կողմ է նման գործողություններին։
«Գործընթացը պետք է օգնի ավելի շատ կայունություն ու զարգացում բերել այդ տարածաշրջան», - նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։