Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է 10 հայ գերիների ազատ արձակմանը

Փարիզը հայտարարել է, որ ԵՄ–ը շարունակելու է երկխոսության մղել Հայաստանին և Ադրբեջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Տասը հայ ռազմագերիների ազատ արձակումը Բաքվի կողմից կարևոր ժեստ է։ Նման հայտարարությամբ, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Ֆրանսիան ողջունում է դեկտեմբերի 19-ին տասը հայ գերիների ազատ արձակումը։ Դա կարեւոր ժեստ է Ադրբեջանի կողմից ՝ ուղղված լարվածության թուլացմանն ու կողմերի միջեւ վստահության վերականգնմանը», - ասված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
ՀՀ ՄԻՊ–ն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը
Փարիզը նաև ողջունել է ԵՄ-ի մասնակցությունն այդ նպատակին հասնելու գործում։
«Մենք շարունակելու ենք Հայաստանին եւ Ադրբեջանին երկխոսության մղել», - ասված Է հաղորդագրության մեջ
Նշենք, որ Եվրամիության միջնորդությամբ դեկտեմբերի 19–ին Հայաստանին հանձնվեց ևս 10 զինծառայող։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։
Հավելենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։
Նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։
Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին. Պետդեպ
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։