Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ 1.5-5.5 դրամով. շատ սպառողները շատ կվճարեն

Լամպեր
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բացատրել է, թե ինչով է պայմանավորված թանկացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն առաջարկում է ՀՀ բաժանորդներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնել 1 կՎտժ-ի դիմաց 4.7 դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ այս հարցով քննարկումներ կսկսվեն դեկտեմբերի 23-ից։
Վերջնական թանկացման հարցը կորոշվի մինչև 2022թ–ի փետրվարը, քանի որ նոր սակագնային տարին մեկնարկելու է փետրվարի 1-ից։

Ընդ որում` թանկացման դեպքում առաջարկվում է սոցիալապես անապահով խավերի համար սակագները թողնել անփոփոխ, ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչների համար սակագներն ավելացնել 1.5 դրամով, ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար` 3.5 դրամով։ Իսկ մնացած սպառողների համար` 5.5 դրամով։

Հանձնաժողովը նաև հայտնում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։
Ֆինանսական ճեղքվածքի առաջացման հիմնական գործոններն են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Բանն այն է, որ դեռևս 2013թ–ին ստորագրված այդ համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5»–ում «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը։ Մինչդեռ կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն բերվել, այլև ավելացվել են կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորությունները։
Ե՞րբ կմեղմվի գնաճը Հայաստանում. Քթոյանը` ապրանքների թանկացման ու «ճնշումների» մասին
Առաջացած խնդրի շուրջ ՀՀ և ՌԴ կառավարությունները պայմանավորվել են առաջիկա 10 տարում՝ սկսած 01.02.2022թ-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլար։
Նույն համաձայնագրով որոշվել է առաջիկա 10 տարիների ընթացքում ՌԴ-ից բնական գազ ներկրել նույն կայուն գնով` հազար խմ–ը` 165 ԱՄՆ դոլարով։
2019 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում գործում են էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները` ցերեկային սակագին` 40 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 30 դրամ/կՎտժ։
Անապահով խավերի համար ցերեկային սակագինը 29.99 դրամ է, գիշերայինը` 19.99 դրամ։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից 20.47 դրամով կթանկանա նաև ջրի սակագինը։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ։
ՌԱԴԻՈ
Փաշինյանը խոստանում էր` ջուրը չի թանկանա, կամ գնաճը «լավություն» մատուցելու նուրբ արվեստը