Չինացի գիտնականները պարզել են՝ քանի տոկոսն են COVID-19-ն առանց ախտանշանների տանում

Հետազոտության ընթացքում ավելի քան 29 միլիոն մարդու տվյալներ են ուսումնասիրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Պեկինի համալսարանի գիտնականները JAMA Network Open ամսագրում հրապարակել են հոդված, որում ամփոփել են SARS-CoV-2-ով առանց ախտանշանների հիվանդացածների մասին տեղեկություններ, որը հիմնված է 95 հետազոտությունների արդյունքների վրա: Պարզվել է, որ COVID-19 ախտորոշմամբ մարդկանց շրջանում մոտ 40 տոկոս անախտանիշ հիվանդ կա։ Այսինքն՝ կորոնավիրուսով վարակվածներից հինգից երկուսի մոտ հիվանդությունն առանց ախտանշների է անցնում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Չթեստավորված բնակչության շրջանում անախտանշան վարակակիրների ընդհանուր մասնաբաժինը կազմել է 0,25 տոկոս: COVID-19-ը հաստատվածների մոտ անախտանշան հիվանդների թիվը կազմել է 40,5 տոկոս։

Հեղինակները նշում են, որ այդ հիվանդները հիմնականում չեն դիմում բժշկական օգնություն և չեն հայտնաբերվում ջերմությունը չափելու միջոցով։ Նման վարակակիրներին հիմնականում հայտնաբերել են կա՛մ ռիսկային խմբերում զանգվածային թեստավորման ժամանակ, կա՛մ հիվանդացածների շրջապատում շփումների հսկողության ժամանակ: Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, առանց ախտանշանների վարակակիրների տոկոսը իրականում շատ ավելի բարձր է:
«Առանց ախտանշանների վարակվածների բարձր տոկոսը ցույց է տալիս, որ հասարակության մեջ վարակի փոխանցման պոտենցիալ վտանգն ավելի մեծ է։ Առանց ախտանիշների վարակի սքրինինգն անհրաժեշտ է հատկապես այն երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ արդեն հաջողությամբ վերահսկողության տակ են վերցրել SARS-CoV-2-ի տարածումը»,- գրում են հոդվածի հեղինակները։
Գիտնականները հրապարակել են «օմիկրոն» շտամի առաջին լուսանկարը
Հետազոտողները կարծում են, որ հաշվի առնելով, որ վերին շնչուղիների վիրուսային վարակվածությունն առանց ախտանշանների հիվանդների մոտ վարակվելու առաջին օրերին համեմատելի է ախտանիշներով հիվանդների նույն ցուցանիշների հետ, կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար անհրաժեշտ է զանգվածային թեստավորում իրականացնել: Ավելին, գիտնականների կարծիքով, առանց ախտանիշների հիվանդները պետք է ախտանշաններով հիվանդների պես պահպանեն բոլոր սահմանափակող կանոնները։