ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ է մշակվում՝ դեկտեմբերի 24-ից երկարաձգելու գործող կարանտինը, սակայն որոշ էական պայմանների մեղմացմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեպքերի նշանակալի նվազումը և սահմանափակումների բացասական ազդեցությունը հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա: Տեղեկությունը հայտնում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Մասնավորապես, նախատեսվում է վերացնել հավաքների ու միջոցառումների համար գործող քանակական սահմանափակումը, ուսումնական հաստատություններում դասերը կանցկացվեն սովորական ռեժիմով ու լրիվ կազմով: Բացի դրանից, քննարկվում են տարբերակներ չպատվաստվածների համար կիրառվող թեստավորման պահանջում պարբերականության ու թեստի գնի իջեցում իրականացնելու վերաբերյալ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Երբ վերջնական որոշումը հաստատվի առաջիկա օրերին, նոր պայմանները կհրապարակվեն:
«Ամեն դեպքում ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման պահանջը և պատվաստման հորդորը: Ես ինքս բավարարված չեմ այդ երկուսի իրականացման մակարդակով, և խստիվ հորդորում եմ մեր քաղաքացիներին ուշադիր լինել սեփական ու շրջապատի մարդկանց առողջության ու կյանքի հանդեպ՝ պահպանելով անվտանգության կանոնները և պատվաստվելով»,– նշել է Բեգլարյանը։
Նա նաև խնդրել է հանրային բարձր անհանդուրժողականություն ցուցաբերել անվտանգության կանոնների չպահպանման դեպքերի հանդեպ, քանի որ դրանց հետևանքը կարող է մարդկային կյանք արժենալ։