ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Արցախյանհիմնախնդրի կարգավորման գործընթացը Թուրքիան կարող է տեղափոխել «3+3» հարթակ։ Այսօր կայացած ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հենց դա է «3+3» ձևաչափի հիմնական վտանգը։
«Մենք հասկանում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կարգավորման գործընթաց հիմա տեղի չունենում, վերջին անգամ, երբ պետք է կայանար ԱԳ նախարարների հանդիպումը, ադրբեջանական կողմը՝ հայ պատգամավորների Արցախ այցելելու պատրվակով, չեղարկել է հանդիպումը»,- հիշեցրեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` այժմ տարբեր փաստաթղթերում խոսվում է ոչ թե Արցախյան հակամարտության կարգավորման, այլ արցախյան հիմնախնդրի շուրջ և դրանից բխող հարցերի լուծման մասին։ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում համապատասխան հակազդեցություններ ունենալ, որպեսզի ասեն, որ բուն խնդիրը չի կարգավորվել։
Միաժամանակ, Հայաստանը աչք է փակում ստեղծված իրավիճակի վրա և շարունակում է բանակցությունները «3+3» ձևաչափով։
«Սա թուրքական օրակարգ է, որին մենք չպետք է մաս կազմենք»,- ասաց Գրիգորյանը։
Իր հերթին, նրա գործընկեր ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ վերջին 25 տարիների ընթացքում Թուրքիան երբեք չի մասնակցել Արցախի շուրջ բանակցություններին։
«Անկարայի կողմից ցանկացած նման փորձ հանդիպել է Հայաստանի դիվանագիտական հակազդեցությանը»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Թուրքիան դարձել է գործընթացի անմիջական մասնակից։ Անցած երեք տարիների հայտարարությունները, թե Թուրքիան չի միջամտելու գործընթացին, քաղաքական անհեռատեսության արդյունք էր
Հիշեցնենք՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին` Ռուսաստանի (Ռուդենկո), Հայաստանի (Գևորգյան), Ադրբեջանի (Խալաֆով), Թուրքիայի (Օնալ) արտաքին գործերի նախարարների տեղակալների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց: