ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում տարածաշրջանային մակարդակով խաղաղության և կայունության հաստատման գործում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի բացմանը։
«Այդ նպատակով ես առաջարկել եմ խաղաղ բարիդրացիության նախաձեռնությունը։ Պարո՛ն վարչապետ, ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին և ներդրում ունենալ տարածաշրջանային մակարդակով խաղաղության և կայունության հաստատման գործում»,-ասել է Ղարիբաշվիլին` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի էր ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալների, ինչպես նաև` Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ:
Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ էին մնացել հանդիպմանը մասնակցելուց:
Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստը պետք է կայանար Թբիլիսիում 2020 թվականին։ Սակայն համավարակի ու Արցախյան պատերազմի պատճառով հետաձգվել էր մեկ տարով։
Վերջին նիստը տեղի է ունեցել 2019 թվականին` 8-ամյա ընդմիջումից հետո, Հայաստանում։
Երևանյան նիստի ընթացքում հանգամանալից արձանագրվել էր գալիք տարվա գործողությունների ծրագիրը` հայ-վրացական հարաբերությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: