ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ընթացող հայ–վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում ունեցած ելույթում վրացական կողմին առաջարկել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի:
«2019 թվականին մենք Վրաստանի հետ միասին կազմել ենք հավակնոտ ծրագիր,որի նպատակն էր մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնել մինչև 1 մլրդ դոլար։ Կորոնավիրուսի համավարակը դանդաղեցրեց այդ գործընթացը, սակայն հիմա, երբ սովորում ենք COVID - ի հետ ապրել, առաջարկում եմ շարունակել շարժվել դեպի մեր նպատակը բոլոր ուղղություններով և հասնել մեր հայտարարած ապրանքաշրջանառության թիրախային ծավալին», - ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները որակապես նոր փուլ են թևակոխել։ ՀՀ վարչապետի ներկայացրած տվյալներով` 2021 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է վերջին երեք տարիների տարեկան ցուցանիշը:
Հիշեցնենք, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը 1 միլիարդի հասցնելու առաջարկը Փաշինյանն արել էր 2018 թվականին, Երևանում, Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանը Վրաստանի 7-րդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2021թ–ի 11 ամսում կազմել է ավելի քան 611 մլն դոլար, ինչը 10 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ցուցանիշից։
Վրաստանում գործում է հայկական կամ վրաց-հայկական կապիտալով շուրջ 400 ընկերություն։