Ջերմուկում ադրբեջանցի զինվորականներ են գերի ընկել

Նախօրեին մամուլում տեղեկություն էր տարածվել Ջերմուկի շրջանում երկու ադրբեջանցի զինվորների գերեվարման մասին, սակայն պաշտոնական հաստատում չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հայտնել է ադրբեջանցի զինծառայողների գերեվարման մասին։ Նա համապատասխան հրապարակումն արել է Facebook-ում՝ այլ մանրամասներ չհայտնելով։
«Ադրբեջանցի զինծառայողներին գերեվարած մեր ստորաբաժանման հրամանատարի մասին կգրեմ, սակայն այս պահին ցանկանում եմ նշել, որ մեր բանակի լավագույն ու պրոֆեսիոնալ գնդապետներից է, մեր բանակի ապագա գեներալներից մեկը»,–գրել է նա։
Նշենք, որ Նորիկյանի կուսակցությունն ընդգրկված է արտախորհրդարանական ուժերի ցանկում և պարբերաբար հանդիպումներ է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հայտնի են Հայաստան վերադարձած հայ գերիների անունները
Ավելի վաղ ակտիվիստ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում գրել էր, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի են ընկել ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք տեղափոխվել են Երևան։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում տեղեկությունը և չի պատասխանում զանգերին։ Ադրբեջանական կողմը նույնպես լռում է։