Բնությունը, գյուղաբնակների հետ շփումը, նրանց հյուրընկալությունն ու հյուրասիրությունը, նաև սնունդը այն հիմնական գործոններն են, որոնք գրավում են թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Սուսաննա Սաֆարյանը։
Նրա խոսքով` Հայաստանի գրեթե բոլոր մարզերում գյուղական տուրիզմի զարգացման բավականին լուրջ պոտենցիալ կա։ Ասում է` նախորդ տարիներին տարբեր միջազգային ծրագրեր են կյանքի կոչվել։ Արդյունքում հատկապես վերջին 2-3 տարիներին շատ բիզնեսներ են ձևավորվել ու սկսել են ծառայություններ մատուցել։
Գյուղական տուրիզմով զբաղվող մարդկանց հիմնական ռեսուրսը իրենց բնակարաններն են, այգիները, բակերը, որոնք գյուղաբնակները վերաձևափոխում են և սկսում են ծառայություններ մատուցել զբոսաշրջիկներին։
«Հիմնականում առնչվում ենք ընտանեկան բիզնեսի հետ, որոնք ժամանակի ընթացքում ընդարձակվում են։ Երևի նկատած կլինեք, օրինակ, գաստրոբակերը, որոնք ձևավորվել են վերջին տարիներին։ Դրանց միջոցով զբոսաշրջիկը ծանոթանում է հյուրընկալող տանտիրոջ կենցաղին, գինու պատրաստման ավանդույթին, արվեստներին, արհեստներին, որոնք ցուցադրվում են այդ գաստրոծառայություններին կից»,- ասաց նա։
2019-ին նոր թափ ստացած ծառայություններն այսօր բոլորովին այլ մակարդակում կլինեին, եթե չլիներ 2020-ի համավարակն ու պատերազմը, որը էապես կրճատեց Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։ Սաֆարյանը կարծում է, որ զբոսաշրջային հոսքերի աստիճանական վերականգմանը զուգահեռ կավելանա նաև գյուղական տուրիզմով զբաղվել ցանկացողների թիվը։
Նշենք, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) Գլխավոր ասամբլեայի նիստը, որի առանցքային ուղղությունները եղել են գյուղական տուրիզմն ու նորարարությունը։ Նիստին մասնակցել է նաև Հայաստանը: