ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Հարավային Կովկասի վերաբերյալ «3 + 3» հարթակի հաջորդ հանդիպումը հնարավոր է՝ տեղի ունենա Թուրքիայում, Անկարան հույս ունի, որ Վրաստանը նույնպես կմասնակցի։ Իսլամաբադում նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Աֆղանստանում Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների 17-րդ արտահերթ նիստից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պարոն Ջեյհուն Բայրամովը և ես քննարկել ենք (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի և (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում, 3+2 հարթակի հանդիպումը Մոսկվայում, որն անցկացվել է փոխարտգործնախարարների մակարդակով։ Դրան չի մասնակցել Վրաստանը, սակայն հավատում ենք, որ նա կմասնակցի հաջորդ նիստին, որը, ինչպես մենք ակնկալում ենք, տեղի կունենա Թուրքիայում», - նշել է ԱԳ նախարարը։
Ելույթը հեռարձակվել է ԱԳ նախարարի Twitter-ի պաշտոնական էջում։
Հիշեցնենք՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին` Ռուսաստանի (Ռուդենկո), Հայաստանի (Գևորգյան), Ադրբեջանի (Խալաֆով), Թուրքիայի (Օնալ) արտաքին գործերի նախարարների տեղակալների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց: