ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է` իրավապահ համակարգում մեկնարկել է նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով նախաքննության ավարտ հայտարարելու գործընթացը, սակայն նախաքննական մարմինները հետաքրքիր ռազմավարություն են մշակել:
Մասնավորապես, թերթի տեղեկություններով, նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մաս են անջատում ու ուղարկում դատարան, իսկ մյուս մասով քննությունը շարունակում են՝ այդկերպ նախկիներին միգուցե հասկացնելով, որ ամեն ինչ իրենց ձեռքում է և հարկ եղած դեպքում գործի կանցնեն:
Օրինակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել, սակայն պարզվում է՝ քրեական գործով մի մաս կա, որով նախաքննական մարմինը որոշել է քննությունը շարունակել:
Ըստ պարբերականի` այս մոտեցումը նախաքննական մարմինները կկիրառեն նաև մյուս նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով: «Տեսնենք՝ հաջորդը ով է»,-եզրափակում է թերթը։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 4-ին մերժել էր նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նոյեմբերի 2–ին Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվեց ևս երկու ամսով։