ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Արաբկիրում կեսգիշերին թալանել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է yerevan.today–ը։
«Ավտոմեքենայում անձնական իրեր ունեի, մասնավորապես անձնագրեր և այլ փաստաթղթեր, ինչպես նաև նյութեր, նաև որոշակի գումար։ Մեքենայի ապակին կոտրել են ու այդ ամենը հափշտակել։ Անձնական փաստաթղթեր էին, այլ նյութեր էլ կային, ինչ վերաբերում է գումարին, ապա այն մեծ չէր։ Այն քրեական գործերը, որոնցով ես պաշտպանություն եմ իրականացնում, մասնավորապես քաղաքական գործերին բնորոշ որևէ փաստաթուղթ մեքենայում չի եղել»,– ասաց նա։
Փաստաբանը պատմեց, որ երեկ ուշ երեկոյան է հասել Երևան ու տան բակում մեքենան կայանելուց հետո իրերը չի վերցրել հետը։
Ալեքսանյանն ընդգծեց, որ իր անձնագրի պատճառով լուրջ դժվարությունների առաջ է կանգնել։
«Ես Ուկրաինայում եմ ծնվել, այնտեղի գրանցում ունեմ, հետևաբար ստիպված եմ լինելու մեկնել Ուկրաինա նոր անձնագիր ստանալու համար»,- ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ կնոջ անձնագրի հարցն ավելի հեշտ կլինի լուծել. նա ՀՀ քաղաքացի է։