«Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին». «Իմ քայլը» խմբակցության անդամ

«Իմ քայլը» խմբակցության անդամները պատմել են, թե ինչպես են «ոմանք» փորձել տապալել ավտոբուսների թեմայով նիստը, խմբակցությունն էլ, ի պատասխան նրանց գրառումների, հայտարարություն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը Facebook–ում պատմել է երևանցիների ամենաբաղձալի փոփոխությանն ուղղված սաբոտաժի մասին։
Նրա խոսքով՝ 211 նոր ավտոբուսների գնման գումարը տրամադրելու համար ավագանին պետք է որոշում կայացներ այս տարվա փետրվարին, սակայն նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել` ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի, և նոր ավտոբուսների գնումը տապալվի։

«Սակայն ենթարկվող, կարիերիստ ու շանտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ, եթե գնումը տապալվեր, միևնույնն է իրենք էին մեղավոր լինելու, որովհետև ոչ թե քաղաքապետի բացակայության արդյունքում էր տապալվելու այլ՝ իրենց։ Այս տխրահռչակ սաբոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ», – գրել է Գևորգյանը՝ այդ անուններից ոչ մեկը չհանրայնացնելով։

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, նիստը կայացել է՝ «ծայրը ծայրին» քվորում ապահովելով։ Գևորգյանը ամփոփել է իր գրառումը՝ ասելով, որ միայն այս փաստը բավական է, որ պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը։
Երևանի պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները չեն բարեփոխվել. Թորոսյանը մեղադրում է Մարությանին
Մեկնաբանություններում նրա խոսքերը հաստատել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Նրա խոսքով` Տիգրան Ավինյանը ասել է, թե ավելի լավ է՝ սպասեն, ավելի լավ ավտոբուսներ կգան, նոր կքննարկեն հարցը։

«Նիստի նախօրեին զանգեց Հայկը։ Ես բարձր ջերմությամբ պառկած էի: «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երևանցիները էս ձմեռ էլ կսառեն կանգառներում»։ Մի բուռ դեղ խմած՝ մի կերպ եմ եկել, մի ձայն տարբերությամբ ընդունեցինք գնման նախագիծը», – գրել է Աբգարյանը։

Ավագանու անդամ Վազգեն Մանուկյանն էլ ի պատասխան այս գրառումների, հրապարակել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը.
«Չնայած այն բանի, որ կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև կար տարակարծություն կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ (Ժոնգ-Տոնգ)՝ այնուամենայնիվ քաղաքական որոշում է կայացվել, և «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները: Ավագանու այդ նիստին մասնակցել են խմբակցության ղեկավարը և քարտուղարը։ Ավելին՝ կառավարությունը քաղաքապետարանին է վերադարձել 2.2 մլրդ դրամ ԱԱՀ գումարը, իսկ սույն թվականի նոյեմբերին կառավարությունը հաստատել է միջազգային գործընկերների կողմից տրվող վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Երևանի համար ձեռք բերել նոր 100 հատ 12 մետրանոց բարձրակարգ ավտոբուսներ։ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված քաղաքապետի նոր թեկնածու՝ Հրաչյա Սարգսյանն էլ համակարգել է ձեռքբերման ողջ գործընթացը։ Առանց «Իմ քայլի» քվեների, կառավարության աջակցության ու Հրաչյա Սարգսյանի ամենօրյա աշխատանքի ավտոբուսների ձեռքբերումը ուղղակի չէր կարող տեղի ունենալ»։
«Պատրաստ եմ վայր դնել մանդատս». Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
Հիշեցնենք` դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրեց` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեց այդ լուրը։
Իսկ դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: