ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Երգչուհի Քեթի Թոփուրիայի հայրը՝ Անդրո Թոփուրիան, «օրենքով գող» է եղել։ Քեթին հաստատել է այս տեղեկությունը Նադեժդա Ստրելեցին տված հարցազրույցում։
«Նա հրաշալի հայր էր... 90-ականներն, երբ մենք ապրում էինք Վրաստանում, դժվար ժամանակաշրջան էր։ Հայրիկը տեղափոխվեց Մոսկվա, նրան բերման ենթարկեցին, բանտում նա ինսուլտ տարավ»,– պատմել է երգչուհին։
Նա հերքել է խոսակցությունները, թե իր հորը մարդասպանության համար են բանտարկել։
«Նա մարդ չի սպանել, ճիշտ չէ։ Երբ 17 տարեկան է եղել, բակում կռիվ ու վեճ է եղել, ընթացքում մի տղա է մահացել, կռվի բոլոր մասնակիցները փախել են, և հայրս իր վրա է վերցրել մեղքը։ Այստեղից էլ տարածվել են այդ խոսակցությունները, որ նա սպանություն է կատարել, բայց այդպես չէ», – վստահեցրել է երգչուհին։
Անդրո Թոփուրիան մահացել է բանտախցում 2010–ին։ Երգչուհու խոսքով` իր հորը վարկաբեկող հոդվածները պատվիրված են եղել։