Մանվել Փարամազյանը 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Մանվել Փարամազյան
Քաջարանի համայնքապետը ազատ է արձակվել դատապարտյալների հիվանդանոցի շենքից, նա շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի աշխատողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որի վերաբերյալ դատարանը որոշում էր կայացրել ազատ արձակել 70 մլն դրամ գրավի դիմաց, այսօր ազատ արձակվեց դատապարտյալների հիվանդանոցի շենքից։

«Ես վեց ամիս մեկուսացած եմ եղել, ձեր հարցերին ավելի ուշ կպատասխանեմ»,– ասաց նա լրագրողներին։

Փարամազյանը շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին, քաջարանցիներին, ինչպես նաև դատապարտյալների հիվանդանոցի աշխատակիցներին։
«Շնորհակալ եմ իրենց հոգատար վերաբերմունքի համար։ Բայց առողջական լուրջ խնդիրներ ունեմ, կարծում եմ՝ ավելի երկարատև բուժում է ինձ պետք», ֊ ասաց նա։
Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում ասացին, որ այս պահին ուրախ են իրենց պաշտպանյալի ազատ արձակման համար, բայց դատական պրոցեսը շարունակվելու է, և իրենք ներկայացնելու են ապացույցներ առ այն, որ Փարամազյանը ոչ մի մեղք չունի։
Նշենք, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, համարում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: