ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը պատրաստվում է ռուսական ընկերության վաճառել։ Տեղեկությունը հայտնում է ejc.am–ը (տնտեսական լրագրողների ակումբ)։
«Պետությունն այս գործարքից կստանա 20 տոկոս բաժնեմաս, որն, ամենայն հավանականությամբ, կկառավարի ՀՀ կառավարությանը պատկանող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»»,– գրում է կայքը։
ԶԼՄ–ն նշում է, որ սա առաջին դեպքը չի լինի․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսի սեփականատեր դարձած ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն էլ կառավարությանն էր նվիրել իր 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը, որը կազմում է ամբողջ կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։
Հիշեցնենք` Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:
Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: