«Հո ամեն քաղաք Աշտարակի պես հին կամուրջ չունի»․ նկարչի գեղանկարները՝ չարտագաղթելու կոչ

Աշտարակում բնակվող նկարիչ Գևորգ Մելտոնյանի գլխավոր թեման հարազատ քաղաքի պատմական վայրերն են։ Ասում է՝ մարդ պետք է սիրի և կապված լինի իր բնօրրանին և փորձի ծաղկել իր ծննդավայրում։
Sputnik
Նկարակալը վերցնում է թևի տակ ու գնում հազար անգամ եղած վայրերը՝ դրանք ներկերով ու վրձիններով հավերժացնելու։ 42-ամյա Գևորգ Մելտոնյանն է, նկարիչ, որ ծնվել և ապրում է Հայաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկում` Աշտարակում։ Ծննդավայրը նկարչի աշխատանքների գլխավոր թեման է դարձել երկու հիմնավորմամբ, նախ` Աշտարակում պատմական և նկարելու արժանի վայրերի պակաս չկա, երկրորդ՝ Աշտարակն իր հարազատ քաղաքն է։
Նկարիչ Գևորգ Մելտոնյան
«Մարդ պետք է սիրի և կապված լինի իր բնօրրանին, ոչ թե դառնա թափառաշրջիկ՝ գազանի պես։ Իհարկե, ճանապարհորդելը, աշխարհ տեսնելը լավ է, բայց հարազատ վայրին կապված լինելը շատ կարևոր է։ Եվ կապված լինել ոչ թե կապանքներով, այլ սիրով։ Ես շատ եմ սիրում Աշտարակը, իմ նկարները մեր քաղաքից ինչ-որ չափով չարտագաղթելու կոչ են նաև։ Նկարչությամբ փող աշխատելը Աշտարակում շատ դժվար է, մարդիկ կարող են գալ ու ընդամենը 10 հազար դրամ առաջարկել քո նկարն առնելու համար, քանի որ իրենց մոտ էլ շատ փող չկա։ Բայց ես որոշել եմ էստեղ ապրել ու աշխատել․ եթե ինձ էս ա տվել Աստված, ուրեմն էս պիտի շենացնեմ», - ասում է Գևորգը։
Նկարիչ Գևորգ Մելտոնյանի աշխատանքները
Նկարչի աշտարակյան աշխատանքներում երկու համայնապատկեր հատկապես շատ են կրկնվում՝ Աշտարակի կամուրջը և Կարմրավոր եկեղեցին։ Երկուսն էլ թե՛ աշտարակցիների, թե՛ Հայաստանի այլ բնակավայրերից ու արտասահմանից եկած զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից են։

«Հո ամեն քաղաք չունի՞ նման հին կամուրջ ու եկեղեցիներ։ Դեռ ամբողջ ազգեր կան, որ չունեն նման նմուշներ։ Կորոնավիրուսի համավարակից առաջ լինում էր, որ նկարում էի այդ տարածքներում, ու տուրիստները գալիս էին, տեղանքը նկարում, հետո իմ գործով հետաքրքրվում։ 40-50 տարեկան եվրոպացու, ամերիկացու համար կարևոր չէ գիշերային ակումբը, այլ զվարճանքները, նրա աչքերը վառվում են նման պատմական բաներ տեսնելիս», - ասում է նկարիչը։

Աշտարակի կամուրջը 17-րդ դարում է կառուցվել, անուն չունի, երբեմն կոչում են «Ջաղացի հին կամուրջ»։ Ըստ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու՝ կամուրջը կառուցել է Մոծակենց Մահտեսի խոջա Գրիգորը 1664-ին։ Դրա մասին արձանագրությունը փորագրվել է կամրջի միջին և մեծ կամարների միջև, սակայն այդ գրությունը մեր օրեր չի հասել, քանի որ սվաղվել է վերանորոգումների ժամանակ (կամուրջը վերանորոգվել է ԽՍՀՄ տարիներին` 1950-60-ին, և անկախ Հայաստանի ժամանակ 2004-ին)։ Կամուրջը կառուցված է Քասաղ գետի վրա, ըստ ավանդազրույցի՝ կամուրջը կառուցելիս գետը անընդհատ քանդել ու տարել է քարերը։ Աշտարակի ծերերը կամրջի վրա աշխատող վարպետներին խորհուրդ են տվել հիմքը նոր տեղից դնել և, որպեսզի այն չքանդվի, պատաշարի մեջ կենդանի վիճակում թաղել մի որբ աղջկա: Այդպես էլ արել են՝ որբ աղջնակ են գտել ու նրա վրա շարել քարերը։
1 / 6
Նկարիչ Գևորգ Մելտոնյանի աշխատանքները
2 / 6
Նկարիչ Գևորգ Մելտոնյանի աշխատանքները
3 / 6
Նկարիչ Գևորգ Մելտոնյանի աշխատանքները
4 / 6
Նկարիչ Գևորգ Մելտոնյանի աշխատանքները
5 / 6
Նկարիչ Գևորգ Մելտոնյանի աշխատանքները
6 / 6
Նկարիչ Գևորգ Մելտոնյանի աշխատանքները
«Մեր կամուրջը նկարելը ինձ համար ոչ միայն պատմության արձանագրում է, այլ խորհրդանշում է ձգտումներ ունենալն ու նրանց հասնելը», - ասում է Գևորգ Մելտոնյանը։
Նկարիչ Գևորգ Մելտոնյան
Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց
Աշտարակ քաղաքի մյուս հարստությունը ձորի եզրին կանգնած երեք եկեղեցիներն են՝ Ծիրանավորը (5–րդ դար), Սպիտակավորը (5–րդ դար) և Կարմրավորը (7–րդ դար): Վերջինս գրավել է ոչ միայն մեր նյութի հերոսի ուշադրությունը, այլև մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի։ Ասում են՝ Սարյանը Կարմրավոր եկեղեցուց էր առնում Անիի տաճարների կարոտը, որոնք երբեք չէր տեսել, միայն լսել էր նախնիների պատմածներից։ Գևորգ Մելտոնյանի նախնիները նույնպես Արևմտյան Հայաստանից են՝ Էրզրումից։
«Կարմրավորը այն քիչ գմբեթավոր հայկական եկեղեցիներից է, որ պահպանվել է ու հասել մեր օրեր։ Եկեղեցիներ նկարելով` դու նկարում ես ոչ միայն քո պատմությունը, քո ճարտարապետությունը, այլև հոգևոր անցյալդ, ներկադ ու ապագադ», - ասում է Մելտոնյանը։
Նկարիչ Գևորգ Մելտոնյանի աշխատանքները
Որպես վարպետ՝ Մելտոնյանը կարող է գեղանկարներ ստանալ նաև լուսանկարներից, բայց երբեք այդպես չի վարվում, սիրում է նկարել բնական միջավայրում՝ տևի դա երկու ժամ, թե չորս։ Հետաքրքիր է, որ նկարիչը 90-ականներին Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում սովորելը կիսատ է թողել՝ անսալով շրջապատի ասածներին, թե «նկարչությամբ Հայաստանում փող չես աշխատի»։ Սակայն տասը տարի առաջ վերադարձել է իր արվեստին` որոշելով, որ սիրած գործով սիրած քաղաքում կարելի է փող աշխատել։ Ու հաջողել է։
Լուսաշողի անակնկալը․ հնագետները միջնադարյան վանական խոշոր համալիր են հայտնաբերել