Հայտնի է` ով կլինի ՀՀ ներկայացուցիչը Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում

Ռուբեն Ռուբինյան
Մամուլում շրջանառվող տեղեկությունները հաստատվեցին։ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանի հետ կբանակցի ԱԺ փոխնախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատել էր այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ Երևանը վերջնական որոշում կկայացներ, մամուլում արդեն շրջանառվում էր Ռուբինյանի անունը։
Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երևանում:
2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2011թ.–ին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL), 2012թ.–ին՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը:
2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ:

2019-2021թթ.` ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։