ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Տաշքենդում ավարտում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները: +109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքով մեդալներ ապահովեցին: Լալայանը երկամարտի արդյունքով 457 արդյունքով նվաճեց Աշխարհի առաջնության արծաթե մեդալը, իսկ Մինասյանը 448 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:
Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Աշխարհի առաջնությանը, առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 202 կգ, երկրորդ մոտեցման ժամանակ՝ 207 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 211 կգ ծանրաձողը:
Մինասյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 205 կգ կշռող ծանրաձողը, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումները ձախողեց՝ չկարողանալով գլխավերևում պահել 213 կգ ծանրաձողը:
Այս վարժությունում փոքր ոսկե մեդալը նվաճեց վրացի գերհզոր ծանրորդ Լաշա Տալախաձեն՝ 225 կգ արդյունքով համաշխարհային նոր ռեկորդ սահմանելով:
Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը, ձախողելով առաջին մոտեցման 240 կգ-ն, երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահել է 242 կգ ծանրաձողը: Իսկ երրորդ մոտեցմամբ Լալայանը հրեց 246 կգ ծանրաձողը՝ ապահովելով արծաթե մեդալը:
Գոռ Մինասյանը հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 240, իսկ երկրորդ մոտեցմամբ՝ 243 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ համար պատվիրեց 253 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել և բավարարվեց բրոնզե մեդալով:
Այս քաշային կարգում Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն՝ հրում վարժությունում ևս համաշխարհային ռեկորդ սահմանելով՝ բարձրացնելով 267 կգ ծանրաձողը: